02.02.2013

Ապրենք հայրենիքի սահմանը պահպանող քաղաքացու արժանավայել կյանքով

2012 թվականին Ագարակ քաղաքի բնակիչներն ուրախանալու առիթներ շատ ունեցան: Այն փաստը, որ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետության լավագույն համայնքում /«Տարվա լավագույն համայնք-2012» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում տարվա լավագույն համայնք է ճանաչվել Սյունիքի մարզի Ագարակ համայնքը/, հատկապես չէր կարող անտարբեր թողնել ոչ մի ագարակցու: Հուսով ենք, որ չենք բավարարվի ձեռք բերվածով ու մեծ քայլերով առաջ կգնանք: Վերջին ամիսներին քաղաքն այնքան հագեցած էր տարբեր միջոցառումներով, որ խնդիրների մասին մտածելու ժամանակ անգամ չէր մնում: Խնդիրները, իհարկե, շատ են, բայց դրանք միանգամից լուծելն անհնար է: Պարզելու համար, թե որ խնդիրներն առաջիկայում լուծում կգտնեն, և լուծման ինչպիսի տարբերակներ են տեսնում համապատասխան մարմինները, զրուցեցինք ավագանու անդամ Բուրաստան Մանուկյանի հետ:

ք.Ագարակ
Բ.Մ._Նախ ասեմ, որ պատասխանատվությունս կրկնապատկվեց առաջին նիստի երդման արարողությունից հետո, աշխատելու ցանկությունս՝ նույնպես, քանի որ զգացի գործընկերներիս ջերմ ու հարգալից վերաբերմունքը կնոջ նկատմամբ: Ինչ վերաբերում է քաղաքի զարգացմանը, կարծում եմ ամեն ինչ արվում է միայն ու միայն դրա համար: Քառամյա ծրագրում ընդգրկված յուրաքանչյուրի խնդրին առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում, իսկ դա հույս է ներշնչում, որ մենք կունենանք այն քաղաքը, որի մասին երազում ենք` ասֆալտապատ ճանապարհներ, վերանորոգված ու մաքուր քաղաքային զբոսայգի, ինչպես նաև սպասարկման ոլորտի ծառայությունների բարձր մակարդակ:

Հեղ._ՏԻՄ-ում հավանության է արժանացել Բ. Մանուկյանի առաջարկն այն մասին, որ
վերանորոգման կարիք ունի նաև դպրոցամերձ խաղահրապարակը. այն բավականին մեծ տարածք է զբաղեցնում և նպատակին չի ծառայում: Իսկ թե ուրիշ ինչ աշխատանքներ կարելի է սպասել մոտ ապագայում տեղական իշխանություններից կին ավագանին նշեց.

Բ.Մ._ Աշխատանքներ կծավալվեն բարձրահարկ շենքերի բակերում տեղակայված ապօրինի շինությունների` փայտանոցների, խորդանոցների վերացման ուղղությամբ: Դա շատ կարևոր է շրջապատի էսթետիկական տեսքի առումով: Աշխատանքներ են տարվում նաև Ագարակում արտադրական որևէ ճյուղ բացելու նպատակով:


Իհարկե, նշված վերջին հանգամանքը շատ ուրախացրեց մեզ և, կասկածի տակ չառնելով մեր իշխանությունների խոսքն ու գործը՝ ուզում ենք հավատալ, որ մի քանի տարի հետո ապրելու ենք մեր հայրենիքի սահմանը պահպանող քաղաքացու արժանավայել կյանքով:

Комментариев нет:

Отправить комментарий

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից: